Friday, 22 June 2007

Նուբարաշենի թափառաշրջիկ և ծնողազուրկ երեխաների մանկատուն

Տղաների Հատուկ Դպրոց

Այս դպրոցը ստեղծվել է վաթսունական թվականներին: Այն եղել է բացառիկ դպրոցներից մեկը: Նախատեսված է եղել իրավախախտ երեխաների, պոտենցիալ հանցագործների, սոցիալապես անապահով ընտանիքների, հասարակության համար վտանգ հանդիսացող, ծնողներից հեռացված, ծնողական դաստիարակությունից զրկված երեխաների հավաքման կենտրոն:


Այսօր կարգավիճակը որոշակիորեն փոխված է: Դպրոցն ունի 50 սան: Մեծ մասամբ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են:
Դպրոցում գործում է ութամյա ուսումնական համակարգ: Դաստիրակները անում են հնարավորինս երեխաների առօրյան հետաքրքիր և ապահով դարձնելու համար: Լարված աշխատանք է կատարվում երեխաների կարգապահության և համընդհանուր ուսուցման խնդիրների ուղղությամբ: Երեխաների բազմակողմանի զարգացման համար գործում են տարբեր խմբակներ թե դպրոցի ներսում, թե դրա սահմաններից դուրս:

Դպրոցի ներսում գործում են կրկեսային, կարուձևի և ֆուտբոլի խմբակներ; Կրկեսային խմբակում ընդգրկված են հատուկ օժտվածությամբ երեխաները: Իսկ կարուձևի խմբակի սաները բավականին հետաքրքիր աշխատանքներ են ներկայացնում: Չնայած մարզադահլիճը չի համապատասխանում սահմանված նորմերին, բայց ֆուտբոլի խմբակը գործում է բավականին ակտիվ:

Դպրոցի սահմաններից դուրս “Տիգրան Մեծի Երկրապահ կամավորականները” ստեղծել են իրենց ջոկատը: Այնտեղ ներգրավված են 20-25 դպրոցի սան: Ջոկատում անցկացվում են զինվորական դասընթացներ, սովորեցնում են կարգապահություն և սաների հետ այցելում են զորամասեր: Ինչպես նաև գործում են կավագործության, ձիավարժության և լողի խմբակներ, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է ութ սան:

Դպրոցում Երեխայի հանդեպ ցուցաբերվում է անհատական մոտեցում հոգեբան-սոցիոլոգների կողմից, որոնք հնարավորին չափ փորձում են լուծել երեխայի և նրա ընտանիքի պրոբլեմները:

Հիմնականում գոյություն ունի ծնող – դպրոց կապը: Կան երեխաներ, որոնք բերված են մանկատներից և համարվում են ծնողազուրկ, բայց աշխատանքներ են տարվում նրանց բարեկամներին, հարազատներին, ծանոթներին գտնելու ուղղությամբ, որպեսզի երեխան լիարժեք որբության չմատնվի:


Խմբակները ուղղորդող դեր են խաղում երեխայի հետագա կյանքում, որոնց շնորհիվ երեխան արդեն իմանում է թե ինչ հատկություններով է օժտված և ապագայում ինչով կարող է զբաղվել:
Երեխայի հոգևոր աշխարհի հետ շատ նուրբ են վարվում, փորձում են ինտեգրել հասարակությանը: Ութամյա կրթությունից հետո երեխային փորձում են տեղավորել աշխատանքի կամ նպաստել նրա հետագա ուսմանը: Դպրոցն ունի անհատ ձեռներեցների հետ աշխատանքի տեղավորման պայմանագրեր, ինչպես նաև պայմանագրեր Մասիվի, Վարդաշենի, Կայարանի ուսումնարանների հետ: Օրինակ այս տարի մի շնորհալի տղա պիտի ընդունվի Թերլեմեզյանի ուսումնարան: Ինչպես նաև դպրոցը փորձում է սանին հետևել և աջակցել բանակում ծառայելուց հետո: Օրինակ բանակում ծառայած մի սան այսօր ապրում է դպրոցում `նրան հատկացված սենյակում, և Սովետաշենի զինվորական մասում աշխատում է որպես խոհարար: Որպես հետաքրքիր փաստ կարելի է նշել, որ նա յուրատիպ հեծանիվ է պատրաստել` համապատասխան մասերը հավաքելով տարբեր տեղերից: Հեծանիվն անգամ ունի ձայնարկիչ, որն զգուշորեն տեղադրված է արկղի մեջ հեծանիվի հետևի մասում:


Մեկ ուրիշ սան, որը սովորել էր համակարգչային ուսումնական կենտրոնում , այժմ աշխատում է դպրոցում` իր փորձը փոխանցելով դպրոցի սաներին:
Դպրոցի աշխատակազմը մի նպատակ ունի` երեխային վերադարձնել հասարակությանը: Շատ հաճախ դա չի հաջողվում ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով:

Դպրոցին օժանդակող կազմակերպություններն են “World Vision” ամերիկյան կազմակերպությունը և Project Harmony ընկերությունը, որը դպրոցում բացել է համակարգչային սենյակ: Սակայն հայտնի չէ` այս օտարերկրյա կազմակերպությունները հետագայում կշարունակե՞ն օժանդակել դպրոցին, թե ոչ: Դպրոցը պատկանում է Նախարարությանը և հատկացված միջոցները հազիվ հերիքում են ամեն սանի սնունդի, հատկացված ջրաքանակի և այլ առօրյա ծախսերի համար:

Դպրոցի շենքը գտնվում է վթարային վիճակում, այն վերանորոգման կարիք ունի: Չնայած շենքը գազաֆիկացված է, սակայն ձմռանը ջեռուցումն հնարավոր չէ ապահովվել, քանզի պատուհանները չունեն ապակիներ: Սաները և դաստիարակները պատուհանի բաց անցքերը փորձում են վերմակներով փակել, բայց, միևնույնն է, օդի ջերմաստիճանը դրանից չի բարձրանում: Անձրևների ժամանակ տանիքը կաթում է և խոնավ միջավայր ստեղծում սենյակներում: Խոնավ պայմանները առաջացնում են օրգանիզմի թուլացում ,առողջության վատթարացում և սաները ի վիճակի չեն լինում կենտրոնանալու ուսման վրա: Ահա թե ինչու ցուրտ եղանակներին ուսուցման մակարդակը զգալիորեն ընկնում է: Դպրոցի սաները խիստ կարիք ունեն ներքնազգեստի, սպիտակեղենի, հագուստի, կոշիկի: Կարևոր է նաև հոգևոր սնունդը, ծնողի խնամքը, հասարակության կողմից ուշադրությունը և հոգատարությունը:
Ցավոք այս տարի դպրոցում ընդունելություն տեղի չունեցավ, քանզի արդեն օրենքները փոխվել են և քաղաքապետարանները, մարզպետարանները պետք է որոշեն` արդյոք երեխան արժանի է ուսման, թե ընդմիշտ դատապարտված է փողոցային կյանքի: Բայց եկեք չմոռանանք, որ նրանք մեր հայրենիքի զավակներն են, անկախ նրանից, թե ինչպիսի ծանր ճակատագրի են արժանացել, որ նրանցից յուրաքանչյուրը արժանի է ունենալ օթևան և հաճախել դպրոց, որտեղ հնարավորություն կունենա ձեռք բերել գիտելիքներ իր հետագա կյանքը բարելավելու համար: Քանի որ գնալով մեծանում է մուրացիկների, թափառաշրջիկների քանակը, ուստի նրանք պետք է է'լ ավելի ուշադրության արժանանան, ստանան համապատասխան կրթություն, դաստիարակություն հետագայում հասարակության մեջ ինտեգրվելու համար, այլ ոչ թե թափառելով փողոցներում զբաղվեն գողությամբ, երբեմն նաև հանցագործությամբ օրվա հաց հայթայթելու նպատակով: Ահա թե ինչու շատ կարևոր է նման Դպրոցի ստեղծումն ու պահպանումը:

No comments: