Մանկությունը կյանքի այն ժամանակահատվածն է, երբ մարդ նման է անտակ ջրհորի, իր մեջ է առնում այն ամենն, ինչ տեսնում է, ինչ լսում է, ինչ զգում է: Ասում են` երեխաները բոլորի ուրախությունն են: Ծնողները պահում են իրենց երեխաներին, դաստիարակում, սովորեցնում, թե ինչպես է պետք ապրել, ինչ է կարելի և ինչ չի կարելի, ինչպես է պետք վերաբերվել մեծահասակներին, ինչպես պահել իրեն հասարակության մեջ: Ծնողներն իրենց երեխաներին ՙբարեկեցիկ կյանք՚ են ապահովում, կամ էլ գոնե փորձում են: Երեխան դառնում է այն, ինչ նրան դարձնում են: Երեխաներն իրենց ծնողների գերիներն են, նրանց պրոբլեմների կրողը…
ՙԵրեխաները բոլորի ուրախությունն են՚: Արդյոք սա վերաբերվու՞մ է մանկատանը բնակվող երեխաներին. ու՞մ ուրախությունն են նրանք…
Երբ ես Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի երեխաների հետ գնացի Բուսաբանական այգի, կարծես կյանքի մի նոր փուլ սկսվեց ինձ համար: Ինձ այնտեղ ընդունեցին ու սիրեցին: Ու նրանց սերը նման չէր սիրո, որ ես սովոր էի տեսնել: Ինչու՞ են նրանց մեկուսացնում մեր հաարակությունից: Մարդիկ այնքան բան ունեն սովորելու նրանցից:
Երեխաների անմիջականության աստիճանը ուղղակի թափանցիկ էր դարձնում ինձ, քանի որ ես խնդիր չունեի ձևանալու: Նրանք այն հասարակությունը չէին, որի մեջ մենք ենք ապրում, նրանք չեն պահանջում, որ դու ինչ-որ ձև կրես` հագուստի նման: Նրանք քեզ մերկ էլ են սիրում: Տալիս են, տալիս են, տալիս են… չեն էլ մտածում այդ մասին: Նրանք գալիս ու հենց այնպես փաթաթվում էին ինձ: Եթե ուզում էին մի բան անել, ապա անում էին` առանց երկար բարակ քննարկելու, մտածելու և ենթագիտակցորեն վախենալու իրենց ծնողների կարծիքներից: Նրանք այնքան բաց էին, այնքան պատրաստ բարի խոսքեր ասելու, այնքան պատրաստ օգնելու:
Հասարակությունը, չգիտես ինչու, խղճում է նրանց: Սակայն հարց է, թե որ մեկս ենք ավելի խղճալի: Իրականում մեր հասարակությունը ապրում է իր առջև դրված պարտքերն անելու, իր ծնողների հույսերը չխափանելու, և ընդհանրապես ամեն ինչի համար, բացի հենց իրենից: Մեզ միշտ կաշկանդել են, միշտ սահմանափակել են, միշտ կանգնեցրել են մեր մտքի արագությունը: Իսկ նրանք չեն էլ մտածում, թե հուսախաբ անեն կամ չանեն որևէ մեկին, նրանք ուղղակի ապրում են, քանի որ զգում են, որ ապրել է պետք: Ու որքան բարի են, որքան բարություն կա նրանց այդ փոքրիկ սրտերի մեջ: Երբ ես փոքրի Անահիտին հարցրեցի , թե որն է նրա ամենամեծ երազանքը, նա ասաց, որ երազում է իր մայրիկը երջանիկ լինի…
Նրանցից շատերը մեքենա էին երազում ունենալ: Իսկ եթե հոգեվերլուծության ենթարկենք, նշանակում է, որ նրանք ուժեղ են ցանկանում զգալ իրենց: Նրանք իրենց օտարացած են զգում մեզնից, և մեր մեջ իրենց ուզում են ուժեղ զգալ: Մենք շատ մեղավոր ենք նրանց առաջ:
Մենք օգնում ենք նրանց, կամ էլ գոնե փորձում ենք օգնել, սակայն ես չեմ վախենում ասել, որ ես նրանցից ավելի շատ բան եմ ստանում ու իմ օգնությունը ավելի շատ էգոիստական ուղղվածություն ունի: Մեր ՙգիտակցված՚ օգնությունը իրականում չնչին բան է նրանց ՙանգիտակցական՚ օգնության դեմ:
Ես ուզում եմ նրանցից մեկը լինել, սովորել նրանցից, ազդվել նրանցից ու ընկերություն անել նրանց հետ: Ուզում եմ ձուլվել նրանց ու ինձ տարբեր չզգալ: Չ՞է որ ի վերջո բոլորս էլ նույնն ենք, բոլորս էլ տիեզերքի մի տարր ենք ու բոլորս էլ իրականում միևնույն երազանքն ունենք: Ու այդ երազանքը այնքան պրիմիտիվ է. բոլորս էլ պարզապես ուզում ենք երջանիկ լինել…
Friday, 22 June 2007
Երեխաները բոլորի ուրախությունն են
Автор vhovhan на 21:21
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment