Շուտով դատախազությունը ստանալու է `
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
_________________
այո, մենք չենք պատրաստվում լուռ նայել թե ինչպես են բոլոր հնարավոր և անհնար միջոցներով լռեցնում երեխաներին, թե ինչպես են բազմաթիվ վկաների ցուցմունքներ անտեսվում ինչպես իրական գործին ոչ միայն ընթացք չեն տալիս այլ նաև պտտում են և սարքում գործեր անմեղ մարդկանց վրա: Կարող են ուտեն, գռփեն, կաշառեն, վախացնեն.. .. լինի դա քննիչ, տնօրեն, ուսուցիչ, նախարար թե դատախազ, միևնույն է պահանջելու ենք արդար դատ և պահանջով գնալու ենք մինչև վերջ: Հանցագործների շրջանակը լայնանում է, ու ով այսօր հույս ունենալով իր մեջքի և փողի վրա կատարում է հանգարծություն տարբեր մեթոդներով խանգարելով արդարության հաստատմանը, վաղը խայտառակվելու և պատժվելու է:
մի խոսքով Ուրբաթ օրը Ուրբաթ ակումբում ժամը 11.00-ին մամլո ասուլիս
_______________
...
ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող ՙ10 լավագույն դպրոց՚ ծրագրի շրջանակում Մարիամ Սուխուդյանը և մենք, աշխատել ենք Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցում: Մարիամ Սուխուդյանը ծրագրի ղեկավարն էր, իսկ մենք մասնակցում էինք ծրագրին կամավորության սկզբունքով՚: Մեզ հետ էր նաև Լևոն Ալահվերդյանը, որը այս պահին բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, սակայն նա հաստատել է հաղորդման մեջ նշված փաստերը և գրավոր փաստաթղթով և տեսանկարահանման եղանակով:
Ծրագրի իրականացման ընթացքում Մարիամ Սուխուդյանին և ծրագրի մյուս մասնակիցներիս հայտնի են դարձել դպրոցի աշխատակազմի որոշ անդամների կողմից երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի ոտնձգությունների, բռնությունների, հարկադիր աշխատանքի մասին փաստեր: Մեզ հայտնի դարձած փաստերի մասին մենք հայտնել ենք լրատվության միջոցներին, որոնք այս մասին կատարել են հրապարակումներ:
Վերը նշված փաստերի առթիվ իրավապահ մարմինները քրեական գործ չեն հարուցել: Փոխարենը, նշված փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել մի աշակերտուհու կողմից զրպարտություն կատարելու փաստի առթիվ, որը այդ տեղեկությունները հաղորդել էր կամավորականներին: Որից 6 ամիս անց մեղադրանք է առաջադրվում արդեն Մ.Սուխուդյանին` շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու համար: Նշված գործով նախաքննությունը ավարտվել է:
Այսպիսով փոխանակ քրեական գործ հարուցվեր և պատասխանատվության ենթարկվեին մեղավորները, քանի որ անհերքելի փաստերով և բազմաթիվ ապացույցներով հաստատվում էր հանցագործության դեպքերը, քրեական գործ հարուցվեց մեր խմբի անդամներից մեկի նկատմամբ:
Գտնում ենք, որ նախաքննության ընթացքը առանց որևէ կասկածի ցույց է տալիս, որ նախաքննական մարմինը որոշակիորեն շահագրգռված է թաքցնելու, պարտակելու թիվ 11 հատուկ դպրոցում տեղի ունեցած անօրինականությունները և նպատակ է ունեցել քրեական ռեպրեսիայի ենթարկելու սպառնալիքի տակ լռեցնել այդ երևույթների մասին բարձրաձայնող անձանց: Որևէ երաշխիքներ չկան, որ ապագայում մեր նկատմամբ ևս չեն կիրառվի նման մեթոդներ: Այսպես.
1. Մենք ծրագրի ողջ ընթացքում ակտիվ մասնակցություն ենք ունեցել ծրագրով նախատեսված ամեն մի միջոցառմանը: Մենք բոլորս մասնակցել ենք ծրագրի նախագծմանը, կազմակերպմանը, և իրականացմանը: Մենք քաջատեղյակ ենք նաև երեխաների կողմից հայտնած դեպքերի մանրամասներին, և ականատես ենք եղել բոլոր այն դեպքերին, որոնք դրվել են Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:
Մասնավորապես 2008թ-ի օգոստոս ամսին մենք միասին ենք այցելել Նուբարաշեն թիվ 11 դպրոցի նախկին սան Դիանա Ամիրխանյանի բնակարան: Մենք ներկա ենք գտնվել, երբ ՙՀետք՚ թերթի լրագրող Լենա Նազարյանը հարցազրույց է վերցրել Դիանա Ամիրխանյանից, իսկ Մարիամ Սուխուդյանը տեսանկարահանել է այդ ընթացքը իր մոտ եղած տեսախցիկով: Մենք հաստատապես պնդում ենք, որ այդ ամբողջ ընթացքում Մարիամ Սուխուդյանը չի առանձնացել Դիանա Ամիրխանյանի հետ և նրան ոչինչ չի սովորեցրել: Այսպիսով ինչում մեղադրում են Մարիամ Սուխուդյանին միանգամայն անհիմն է, քանի որ մենք ենք այդ դեպքերի ականատեսը և դրանց մասին մանրամասն հայտնել ենք նախաքննական մարմիններին:
Բացի այդ Դիանա Ամիրխանյանը իր նախաձեռնությամբ զանգահարել է մեզ` Արման Ղարիբյանի հեռախոսին և նրան հայտնել այն մասին, որ իրենց տուն եկել է մի օտար մարդ և խոսել իր մոր հետ, որից հետո ինքը ստիպված է տալ իրականության չհամապատասխանող ցուցմունքներ, քանի որ իրեն հեռուստացույցով դիտելիս ճանաչել են և ինքը իր խոսքերով ՙԽայտառակ է եղել ծանոթների շրջապատում՚: Խոսակցությանը ներկա են գտնվել Նուրիջանյան Լիլիթը, որը լսել Արմանի խոսակցությունը և Դիանա Ամիրխանյանի քույրը: Հեռախոսային խոսակցությունը ձայնագրվել և հանձնվել է նախաքննական մարմիններին:
Հարգելի պարոն դատախազ. միայն մենք ենք ականատես եղել այն դեպքերին, որոնք մեղսագրվում են Մարիամ Սուխուդյանին և որոնք իրավապահ մարմինները աղավաղված ձևով ներկայացնում են որպես մեղադրանք: Այս հանգամանքները վկայում են, որ փաստերը բոլորովին այլ են եղել, և որոշ մարդիկ աղավաղել են դրանք: Բացի այդ Մարիամ Սուխոդյանի մեղադրանքը հիմնվում է միայն Դիանա Ամիրխանյանի ցուցմունքի վրա, որի վերաբերյալ մենք ներկայացրել ենք հեռախոսազրույցի ձայնագրությունը: Մեզ համար պարզ չէ նաև թե ով է հարկադրել Դիանա Ամիրխանյանին տալ իրականության չհամապատասխանող ցուցմունքներ և գործի նախաքննությունը շեղել այլ ուղղությամբ: Մի բան ավելի քան պարզ է, որ մեր մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունները ձևափոխված ներկայացվում են մեզ որպես իրականություն: Կեղծիքը այնքան բացահայտ է, որ արդարությանը հասնելու անզորության մթնոլորտ է ստեղծվում, ուստի ակնկալում եբնք Ձեր միջամտությունը:
2. Բացի այդ գործի նախաքննությունը անցել է մի շարք խախտումներով:
Գործը հարուցվել ու այժմ քննվում է քննչական ենթակայության կանոնների բացահայտ խախտումներով: Այսպես, եթե գործը քննվում է ոչ թե դպրոցում սաների նկատմամբ իրականացված գործողությունների, այլ` Մ.Սուխուդյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ, ապա նախաքննությունը պետք է իրականացվի ոչ թե Էրեբունու տարածքի (որտեղ գտնվում է դպրոցը) ոստիկանության, այլ` ՙսուտ մատնություն՚ կատարելու վայրի ոստիկանության կողմից: Այն, որ Էրեբունու ոստիկանությունը քննում է իրեն ոչ ենթակա քրեական գործ, արդեն իսկ հիմք է տալիս կասկածելու այդ մարմնի անաչառության վրա:
Հատկանշական է, մասնավորապես, որ դպրոցի տարբեր տարիների սաներից երեքը նախաքննության ընթացքում մատնանշել են իրենց նկատմամբ կիրառված բռնություններ և սեռական ոտնձգություններ: Նրանք ուղղակի ցուցմունքներ են տվել այդ գործողությունները իրականացրած անձանց վերաբերյալ, ավելին` իրենց ցուցմունքները պնդել են այս անձանց հետ առերես: Սակայն այս ցուցմունքները նախաքննական մարմինը համարում է անարժանահավատ, պատճառաբանելով, որ դպրոցի սաները թերզարգացած են ու չեն կարող ճիշտ ընկալել ու վերարտադրել իրականությունը: Միաժամանակ, այդ նույն սաներից ընդամենը մեկի ցուցմունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել Մարիամ Սուխուդյանին, այն էլ այն դեպքում, երբ այդ ցուցմունքը տվող անձի ու Սուխուդյանի միջև առերեսում չի կատարվել և այդ անձի ցուցմունքը ուղղակի հակասում է մի շարք այլ անձանց ցուցմունքներին և գործում առկա ձայնագրություններին:
Այսպիսով, գործ ունենք Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հետ, որի վերաբերյալ փաստերը պնդում են դպրոցի առնվազն երեք աշակերտուհիներ, ընդ որում, պետությունն, ի դեմս ոստիկանության և դատախազության (ուր բազմիցս բողոքարկվել են քննիչի գործողությունները) չի ձեռնարկում միջոցներ դեպքը պատշաճ քննելու ուղղությամբ:
Դրա հետ զուգահեռ, այն անձինք, ովքեր հանրությանը ներկայացրել են այս դեպքերի հետ կապված տեղեկություններ, հետապնդվում են իրավապահ մարմինների կողմից, ինչը նշանակում է, որ խախտվում է նաև Եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածը:
Այսպիսով նախաքննությունը տարվել է բացահայտ միակողմանի, և գտնում ենք, որ դրա նպատակն է եղել ոչ թե բացահայտել ճշմարտությունը, այլ` դպրոցում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրած աշակերտներին և այդ տեղեկատվությունը հրապարակած անձանց ահաբեկելը և քրեական պատասխանատվության ենթարկելը: Գտնում ենք, որ նախաքննական մարմինը որոշակիորեն շահագրգռված է թաքցնելու, պարտակելու թիվ 11 հատուկ դպրոցում տեղի ունեցած անօրինականությունները և քրեական պատասխծանատվության ենթարկելու սպառնալիքի տակ լռեցնել այդ երևույթների մասին բարձրաձայնող անձանց:
Հարգելի պարոն Հովսեփյան. Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի սաները առավել խոցելի են, հաշվի առնելով ինչպես նրանց տարիքը և ծնողական խնամքի և ուշադրության բացակայությունը, այնպես էլ` մտավոր և ֆիզիկական զարգացվածության որոշակի թերությունները, որից ելնելով նրանք ամբողջությամբ կախման մեջ են դպրոցի աշխատակիցներից և հիմքեր կան ասելու, որ որոշ աշխատակիցներ չարաշահել են այդ վիճակը:
Դպրոցն, ըստ էության, փակ հաստատություն է, դրանում տեղի ունեցած իրադարձությունները դուրս են մնում հանրության տեսադաշտից: Սա առաջին դեպքն էր, երբ հանրությունը կարող էր իմանալ իրականությունը, սակայն իրավապահ մարմինների գործողությունները միտված են թաքցնելու հանրությունից իրականությունը և, քրեական պատասխանատվության սպառնալիքի ներքո, բացառել նման տեղեկատվության հետագա շրջանառությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում ենք վերը նշված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, բացահայտել և պատժել մեղավորներին:
Հրայր Սավզյան Արման Ղարիբյան Լիլիթ Նուրիջանյան
Կարեն Ափոյան Վարդան Հովհաննիսյան
Wednesday, 4 November 2009
Հանցագործների շրջանակը ընդլայնվում է
Автор vhovhan на 19:36
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment