Վարագույրը մի թեթեւ բացում ես ու` սարսափում, շնչահեղձ լինում: Ու դա ցանկացած համակարգի` բաց կամ փակ, այդ համակարգի ցանկացած վարչության, օղակի պարագայում: Մի խումբ երիտասարդներ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում կամավորական սկզբունքով աշխատելիս բացեցին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վարագույրն ու` իրականությունից անակնկալի եկան: Բայց արագ չիջեցրին վարագույրն ու տեսածից, բացահայտածից շշմած` չլռեցին` ինչպես ընդունված է, ինչպես անում են:
Երեկ «Ուրբաթ» ակումբում նրանք պատմեցին ամեն ինչ:
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցը նախատեսված է մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամ երեխաների համար, բայց երիտասարդները, ինտենսիվ շփվելով երեխաների հետ, նկատում են, որ նրանց մեծամասնությունը ոչ միայն նորմալ մտավոր տվյալներ ունի, այլեւ` «մեծ տենչ գիտելիքի հանդեպ»: Սկսում են աշխատել նրանց հետ, սովորեցնել: Կամավորներից մեկը պատմեց, որ աշակերտների հետ 1 ամիս անգլերեն պարապելուց հետո նրանք սովորեցին այբուբենը: Իսկ 2-3 ամսից հետո կարողացան շփվել ամերիկացիների հետ: Կամավորները վաղուց էին զգացել դպրոցի տնօրինության անբարյացակամ վերաբերմունքը. պարբերաբար երիտասարդներին կանչում էին, հարցուփորձ անում` ինչու եք եկել, ինչ եք ուզում... Կամավորները բացատրում են, որ ելնելով մարդասիրական նպատակներից եւ այլն, ցույց են տալիս անհրաժեշտ փաստաթղթեր ու վկայականներ: Միեւնույնն է` կամավորների ներկայությունը դպրոցում անցանկալի էր, անհանգստացնող: Մի օր աշակերտուհիներից մեկը փաթաթվում է կամավոր աղջիկներից մեկին ու ասում. «Ես ձեզ շատ եմ սիրում, բայց մեզ արգելել են շփվել ձեզ հետ»... Սակայն կամավորներն արդեն հասցրել էին շատ բան իմանալ, պարզել դպրոցում կատարվածից:
Նախ, նկատել էին, որ աշակերտները կիսաքաղց են մնում: Հետո երեխաները պատմում են, որ օրվա վերջում իրենք իրենց ձեռքով իրենց համար պատրաստված ճաշը տանում են տնօրենի խոզերին ու հնդկահավերին: Ուտել այդ կերակուրները հնարավոր չէր:
Կամավորներին ասել էին, որ դպրոցում սովորում են 110 աշակերտներ: Երիտասարդները ոչ միայն չեն տեսնում դպրոցում այդքան աշակերտ, այլեւ շատ հաճախ նկատում են արդեն ծանոթ աշակերտների բացակայությունը: Պարզվում է` տղաներին տանում են ուսուցիչների, տնօրենի այգիներում աշխատեցնելու, աղջիկներին` տներում:
Դասուսուցումը չի կարող բավարարել անգամ մտավոր հաշմանդամ երեխաներին, ուր մնաց` լիարժեք երեխային: Աշակերտները պատմել էին, որ ստուգումների ժամանակ իրենք` միանգամայն առողջ երեխաները, ուսուցիչների ցուցումով տկարամիտի դեր են խաղում, եւ որ դա չափազանց զվարճալի է:
Դասերից հետո բոլորին փակում են մի սենյակում, միացնում հեռուստացույցն ու հորդորում սերիալ նայել: Դուրս գալը, զբոսնելը, օրը ուրիշ զբաղմունքներով լցնելը արգելվում է: Սենյակներում, ողջ դպրոցում ծանր հոտ է տարածված: Սանիտարահիգիենիկ տարրական կանոնները չեն պահպանվում. սենյակները հազվադեպ են մաքրվում, երեխաները ուշ-ուշ են լողանում:
Պարապմունքների ընթացքում կամավորների հետ մտերմացած աշակերտուհիները պատմում են ուսուցիչների կողմից կատարված սեռական ոտնձգությունների, բռնաբարության փորձերի մասին: Եվ բոլոր աշակերտուհիները նշում են իրենց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի անունը` Լեւոն Ավագյան: Կամավորները պատմում են տնօրենին: Սա ասում է, որ այդ պատմությունները աղջիկների վառ երեւակայության արդյունքն է, չէ՞ որ նրանք ամբողջ օրը սերիալ են նայում:
Երիտասարդները դիմում են նաեւ հոգեւորականների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների, լրագրողների: Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում կամավորների նկարահանած տեսաերիզը` քողարկելով իր հետ կատարվածի մասին պատմող աղջկա դեմքը: Դրանից հետո հայոց լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանը հեռանում է դպրոցից` այլեւս ստեղծագործական աշխատանքներով զբաղվելու նպատակով: Ոչ Լ.Ավագյանը, ոչ մյուս ուսուցիչները, ոչ դպրոցի տնօրենը պատասխանատվության չեն կանչվում: Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնից պատասխանատվության են կանչվում կամավոր երիտասարդները` առանց ծանուցագրի, մի հեռախոսազանգով: «Մենք սպասում էինք, որ քննիչները պետք է խիստ մոտեցում ունենային դպրոցի տնօրինության նկատմամբ: Ի վերջո, եթե անգամ դեռ չի ապացուցվել կատարվածը, բայց վկաները շատ են, փաստերը` բազմախոսուն: Այնինչ մենք էինք մեղադրյալի դերում հայտնվել», - պատմեց կամավոր տղաներից մեկը:
«Մեզ հետ կոպիտ վարվեցին եւ շատ վիրավորական: Քննիչ Ադամյանն ասաց, որ ավելի լավ կլիներ մենք ինքնապաշտպանությամբ զբաղվեինք: Հեգնեց, թե մեզ առաքյալների տեղ ենք դրել: Մինչ այդ ես չգիտեի, որ ցուցմունք գրելու համար իրավունք չունեն մեզ 3 ժամից ավել պահելու քննչական բաժնում: Նրանք ինձ այնտեղ պահեցին 7 ժամ», - պատմեց Մարիամ Սուխուդյանը:
Մի խոսքով, երիտասարդներին քննչական բաժնում սպառնացել են, վախեցրել, ասել, որ մեղադրողները` աղջիկները, հրաժարվել են տեսաերիզում պատմածից, եւ որ ամբողջ պատասխանատվությունը իրենց` կամավորների` վարագույրը բարձրացնողների վրա է: Ի դեպ, երիտասարդները ձայնագրել են այն հեռախոսազանգը, որտեղ աղջիկներից մեկը զանգում է կամավորին ու տեղեկացնում, որ ինքը քննչական բաժնում հերքելու է ամեն ինչ, ասելու է, որ կամավորների սովորեցրածով է ինքը նման պատմություններ պատմել, իրականում ոչինչ էլ չի եղել: Եվ որ ինքը ստիպված է այդպես խոսել, քանի որ տնօրենը կանչել է մորը, հոխորտացել, սպառնացել, մայրն էլ ծեծել է իրեն` աշխարհով մեկ խայտառակ անելու համար եւ ստիպել հերքել ամեն ինչ: Աշակերտուհիները արդեն հարցաքննվել են: Նրանք ամեն ինչ հերքել են:
Երեկ ԿԳՆ-ից զանգահարել են կամավորներին, առաջարկել միասին գնալ դպրոց, ստուգայց անցկացնել: Երիտասարդները մերժել են: «Եթե հիմա դուք գնաք այդ դպրոց, կտեսնեք, որ դպրոցը մաքուր է, աշակերտները գոհ են, ոչ մի դժգոհություն չունեն: Բայց այդպես միայն առաջին հայացքից է, հավատացեք»: Երիտասարդների պայքարը գոնե մի արդյունք տվել է. դպրոցը գոնե առժամանակ մաքրվեց գարշահոտերից եւ Լեւոն Ավագյանից:
Ի դեպ, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցն են ավարտել լրագրողներ Գագիկ Շամշյանն ու Մհեր Արշակյանը: Գ.Շամշյանը այդ դպրոց է բերվել Կամոյի, Մ.Արշակյանը` Մեղրիի մանկատնից: Նրանք այդ դպրոց են բերվել իբրեւ տկարամիտներ` համալրելու այդպիսիների գլխաքանակը:
Գագիկ Շամշյանը մինչեւ հիմա հիշում է այդ դպրոցի լավ ու վատ ուսուցիչներին: Եթե անգամ չցանկանա հիշել, ճակատի սպին գոնե ամեն առավոտ հիշեցնելու է լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանի` մանրահատակի կտորով գլխին հասցրած հարվածը: Մինչեւ հիմա հիշում է ֆիզկուլտուրայի դասատու Վարազդատ Մկրտչյանին, որին երեխաները «կապույտ մորուք» էին ասում, փայտամշակման դասատու Դավիթ Միրզոյանին, որն իր իսկ սարքած ցուցափայտով ծեծում էր իրենց: Եվ թե ինչպես իրենց տանում էր իր այգին, բանջարանոցը, աշխատեցնում, բայց վայը եկել, տարել էր նրան, ով մի պոմիդոր, մի ցոգոլ կպոկեր:
Իսկ ի՞նչ պետք է տեսնի Կրթության եւ գիտության նախարարությունը Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում` մաքուր մանրահատա՞կ, կահկարասի՞, լվացված զուգարաննե՞ր... Ի՞նչ կարող է տեսնել, օրինակ, ԿԳՆ աշխատակից Արծվիկ Արշակյանը, ով նախկինում այդ դպրոցի փոխտնօրենն էր` բռնություննե՞րը, բռնաբարություննե՞րը, առողջ երեխաներին տկարամտացնե՞լը: Նրանք նման բաներ չեն տեսնում. ոչ այն պատճառով, որ ամենակարեւոր բաները աչքով չես տեսնի: Նրանք այնքան ազնիվ են, որ ուրիշի աչքի գերանը տեսնելիս ձայն չեն հանում, որովհետեւ տեսնում են նաեւ իրենց աչքի գերանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
http://www.armtown.com/news/am/zam/20081203/10792/
Thursday, 4 December 2008
Բացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վարագույրը. սարսափելի է
Автор vhovhan на 18:21
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment