Այս ծրագիրը այն հազվագյուտ միջոցներից էր, որը հնարավորություն ընձեռեց ավելի մոտիկից ծանոթանալ սովորաբար դռներից այն կողմ գտնվող մանուկների հետ: Շատ կարճ ժամանակում պարզ դարձավ, որ գիշերօթիկի սաները արտահայտման մեծ կարիք և մեծ պոտենցյալ ունեն: Չափազանց ոգևորված մանուկները ջանք չէին խնայում «Խոսող գրքի» և ուսուցողական հոլովակների պատրաստման գործընթացում իրենց լավագույնս դրսևորելու համար: Նրանց ոգևորել էր այն գաղափարը, որ նրանք ՄԻԱՅՆԱԿ ՉԵՆ, և ավելին` նրանք ՊԻՏԱՆԻ ԵՆ և ՑԱՆԿԱԼԻ այլ մանուկների համար:
Չնայած ծրագիրը նախատեսված էր միայն 9րդ դասարանի աշակերտների համար, սակայն անհնար էր չլսել ու չընդունել այլ դասարանների երեխաների խնդրանքը մի նոր բան սովորելու, հինը նորացնելու, պիտանի լինելու վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում պատրաստվել է երկու ուսուցողական հոլովակ և մեկ «խոսող գիրք»:
Առաջին հոլովակը նվիրված է բնությանն ու դրա պահպանությանը: Այս հոլովակի պատրաստման ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան շփվել բնության հետ, դպրոցին կից տարածքը հարստացրին 30 պտղատու ծառերով, սովորեցին ինչպես ծառ տնկել և խնամել այն: Այս հոլովակի պատրաստմանը աջակցել է նաև “Armenia Tree Project”-ը, որը, բացի տնկիներ տրամադրելուց, կարճ դասընթաց անցկացրեց ծառերի խնամքի վերաբերյալ:
Երկրորդ հոլովակը ավելի կենցաղային բնույթ ունի. այն փոքրիկ խոհարարական դասընթաց է: Այս թեման ևս շատ կարևոր է դպրոցի սաների համար, քանի որ կենցաղը խորթ է ընտանիքից հեռու ապրող, միակողմանի, իսկ երբեմն նաև երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար: Այսպիսի դասընթացները կարող են նման երեխաներին կյանքի և կենցաղավարության գոնե տարրական հմտություններ տալ, ինչը նրանց թույլ կտա ինչ-որ կերպ կազմակերպել իրենց կյանքը դպրոցից հեռանալուց հետո:
Ծրագրի ընքացքում մեծ էր նաև երեխաների հետաքրքրությունը այլ դասընթացների նկատմամբ: Իհարկե նրանց հետ որոշակի դասընթացներ անցկացվեցին, սակայն ժամանակը բավարար չէր նրանց կայուն գիտելիքներ տալու համար: Ինչևէ, շփումը երեխաների հետ ցույց տվեց, որ գիշերօթիկ դպրոցում նրանց ստացած կրթությունը չափազանց ցածր մակարդակի է, իսկ փորձը ցույց է տալիս, որ չնայած երեխաների մեծամասնության մտավոր խնդիրներին, այնուամենայնիվ հնարավոր է շատ ավելի մեծ արդյունքների հասնել համապատասխան ջանքեր ներդնելու դեպքում:
Մեր կազմակերպած դասընթացների ընթացքում երեխաները բաժանվեցին տարբեր խմբերի, ըստ նրանց նախասիրությունների և հնարավորությունների.
լեզուներ (ռուսերեն, անգլերեն),
մաթեմատիկա,
գրականություն,
բնապահպանություն,
պատմություն,
խոհարարական դասընթացներ,
նկարչություն:
Ծրագրի շրջանակներում վերանորոգվեց մի սենյակ, որը ցանկալի է ծառայի որպես երեխաների համակարգչային կենտրոն: Նորոգումից հետո հրավիրվեցին նկարիչներ, որոնք, կամավոր սկզբունքներով, երեխաների հետ միասին պատկերազարդեցին սենյակը առասպելական հերոսներով: Այժմ դա մի փոքրիկ, մաքուր ու գեղեցիկ անկյուն է, որտեղ լավ միջավայր է ստղծված դասընթացների անցկացման համար:
Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել նաև մեկ համակարգիչ: Մի քանի օրն արդեն իսկ բավական էր, նկատելու համար, որ երեխաները բավականին արագ են ընկալում համակարգչի հետ աշխատելու առաջին քայլերը: Մենք հատկապես կարևորում ենք այս դասընթացը, քանի որ այն կարող է շատ կարևոր դեր ունենալ երեխաների զարգացման հետագա գործում:
Ինչ վերաբերում է երեխաների մասնակցությամբ «խոսող գրքին», ապա դրանում տեղ են գտել Գրիմ Եղբայրների «Մոխրոտ» հեքիաթը` Հովհաննես Թումանյանի մշակմամբ, ինչպես նաև բանաստեղծություններ Համո Սահյանից, Աթաբեկ Խնկոյանից, Ավետիք Իսահակյանից: Գրքի ձայնագրման հարցում ծրագրին աջակցել է նաև «Վեմ» ռադիոկայանը:
Շուտով http://Bigfamily.am կայքը կհամալրվի երեխաների կատարմամբ ձայնագրված հեքիաթով և բանաստեղծություններով:
Տես http://www.bigfamily.am/2/index.phpoption=com_wrapper&view=wrapper&Itemid=27
Այդ աուդիո նյութերը տեղ կգտնեն նաև http://youtube.com/vhovhan կայքում: Համապատասխան մշակումից հետո ստեղծված «խոսող գիրքը» կբազմացվի և կտրամադրվի տեսողական և լսողական դժվարություններով երեխաների հատուկ դպրոցներին:
Ցանցի միջոցով կփորձենք նաև տեղյակ պահել հասարակությանը կատարված աշխատանքի, ձեռք բերված փորձի, երեխաների ունեցած խնդիրների մասին և ներգրավել բազմաթիվ մտահոգ մարդկանց` մանուկների մեկուսացած աշխարհը հարստացնելու համար: Ծրագրի աշխատանքային թիմը չափազանց կարևորում է այս երեխաների մասին հասարակության իրազեկման խնդիրը, քանի որ, այս երեխաները բոլորովին մեկուսացված են և ուշադրությունից զուրկ: Իսկ ինչպես տեսանք ծրագրի իրականացման ընթացքում, անգամ ամենահետամնաց երեխաներին հապատասխան ուշադրություն ցույց տալու դեպքում հնարավոր է արդյունքներ ստանալ:
Ծրագրի պարգևավճարի սահմաններում երեխաների համար կազմակերպվել է նաև երկու այց. Էջմիածին` ծանոթանալու հին հայկական կոթողներին, ինչպես նաև Գառնի և Գեղարդ: Արշավը յուրօրինակ էր նրանով, որ գիշերօթիկ դպրոցի սաները չափազանց հազվադեպ են դպրոցի տարածքը լքելու հնարավորություն ունենում:
Ծրագրի ողջ ընթացքը նկարահանվել է, և պահվում է մեզ մոտ չմոնտաժված վիՃակում` հետագայում այն փոքրիկ ֆիլմի վերածելու հույսով:
Հատուկ շնորհակալություն
Նուբարաշենի դպրոցի սաներին իրենց ակտիվ մասնակցության համար
Կամավորներ
Լևոն Ալլահվերդյանին և Հրայր Սավզյանին `գրականության դասընթացների անցկացման համար
Ափոյան Կարենին, Մելիքին և Հարությունին` իրենց նկարչական գիտելիքների փոխանցման և սենյակը նկարազարդ պատկերներով հարստացնելու համար
Մարինե Տավարացյանին` խոհարարական հմտություններ փոխանցելու համար
Թերեզային` ռուսերեն, Արմանին, Լիլիթին, Անահիտին, Հերմինեյին` անգլերեն լեզվի պարապմունքների անցկացման համար
Լիլիթ Գևորգյանին` այս տեքտի խմբագրման համար
Օվսաաննային` ֆիլմերը մոնտաժելու համար
Վարդանին` Աուդիոգրքի ձայնային մոնտաժի համար
Սամվել Թաթոյանին` "Խոսող գրքի" յուրատիպ դիզայնի համար
Ռադիո Վեմ-ին ձայնագրման ստուդիայի տրամադրման համար
Ռուսալին, UNDP-ին ծրագիրը հովանավորելու համար
և բոլոր նրանց , ովքեր նպաստել են նման հիանալի ծրագրի իրականացմանը
No comments:
Post a Comment